Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիկա շաբաթներին կայցելի Հունգարիա, ըստ Associated Press գործակալության՝ հինգշաբթի հայտարարել է հունգարացի նախարարը, ի հեճուկս Գազայի պատերազմի համար Իսրայելի առաջնորդին ձերբակալելու միջազգային հրամանագրի:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյասը Բուդապեշտում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Նեթանյահուն ամենայն հավանականությամբ Զատիկից առաջ, որն այս տարվա ապրիլի 20-ին է, կայցելի Հունգարիա։
Օրբանը, որը Նեթանյահուի մերձավոր դաշնակիցն է, ավելի վաղ խոստացել էր անտեսել Իսրայելի առաջնորդի դեմ Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ մեղադրելով Հաագայում գտնվող պատերազմի հանցագործությունների գործերով աշխարհի բարձրագույն դատարանին «քաղաքական նպատակներով ընթացող հակամարտությանը միջամտելու մեջ»:
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները, ներառյալ՝ Հունգարիան, պարտավոր են կալանավորել կասկածյալներին, եթե նրանք ոտք դնեն իրենց տարածք, սակայն դատարանը չունի դա պարտադրելու իրավասությունը: Եվրոպական մի քանի երկրներ, որոնք դատարանի անդամ են, հայտարարել են, որ կկատարեն հրամանը, եթե Նեթանյահուն ոտք դնի իրենց տարածք։
Նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության հրամանագիր արձակեց Նեթանյահուի, ինչպես նաև նրա պաշտպանության նախկին նախարարի և ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարի նկատմամբ՝ նրանց մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ Գազայի պատերազմի առնչությամբ: Ըստ հրամանագրերի՝ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը օգտագործել են «սովը որպես պատերազմելու եղանակ»՝ սահմանափակելով մարդասիրական օգնությունը և դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակիչներին Իսրայելի կողմից Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ արշավում։ Իսրայելի պաշտոնյաները հերքում են մեղադրանքները։




























