Շրի Լանկայի Վայրի բնության պահպանման վարչությունը և երկաթուղային իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են մի շարք բարձր տեխնոլոգիական միջոցառումների, ներառյալ ժամանակացույցի ճշգրտումների մասին, որպեսզի  նվազեցնեն վայրի կենդանիների հետ գիշերային գնացքների բախումների թիվը, հաղորդում է AFP-ն:

Միջոցառումները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ փետրվարի 20-ին մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 180 կիլոմետր դեպի արևելք գտնվող Հաբարանայի վայրի բնության արգելավայրի մոտ, արագընթաց գնացքը հարվածել է յոթ փղի, որն իր տեսակի մեջ ամենալուրջ դժբախտ պատահարն է: Իշխանությունները հայտարարել են, որ իրենք հայտնաբերել են երկաթուղային գծերի խոցելի հատվածները կղզու հյուսիսային և արևելյան հատվածներում գտնվող փղերով բնակեցված անտառներում, և արդեն իսկ իրականացվում են վիճակը կարգավորելու միջոցառումներ:

«Մենք սկսել ենք մաքրել գծերի երկու կողմերում գտնվող թփուտները, որպեսզի վարորդներն ավելի լավ տեսնեն մոտակայքում նախիրների առկայությունը», - Կոլոմբոյում լրագրողներին է հայտնել երկաթուղու ներկայացուցիչ Պոլվատեջը։

Նա նշել է, որ վայրի կենդանիների մասնակցությամբ դժբախտ պատահարների հակված տարածքներում գիշերային ժամերին ավելի քիչ գնացքներ են աշխատում: Իշխանությունները օգտագործում են նաև էլեկտրական գնացքներ, որոնք ավելի լավ արգելակման հնարավորություններ ունեն, որպեսզի նվազագույնի հասցնեն բախումները:

Փետրվարի 20-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ուղևորներ չեն տուժել, սակայն երթևեկությունը գրեթե մեկ օրով ընդհատվել է։ Վայրի բնության պահպանման վարչության տնօրեն Մանջուլա Ամարարատնան ասել է, որ իշխանությունները նաև սկսել են լրացնել փայտակոճերի միջև եղած բաց մասերը՝ ռելսերի տակ զուգահեռ դրված գերաններով, որպեսզի փղերը չխրվեն, եթե փորձեն փախչել մոտեցող գնացքներից: «Մենք նաև օգտագործում ենք արևային մարտկոցներով լապտերներ՝ ուղիները լուսավորելու համար և պատրաստվում ենք շարժման սենսորներ տեղադրել, որոնք վարորդներին կզգուշացնեն, եթե երկաթգծերի վրա վայրի կենդանիներ լինեն», - նշել է Ամարարատնան:

Նա հայտնել է, որ անցած 17 տարում գնացքների տակ 138 փիղ է ընկել: