Հունաստանում հնագետները հայտնաբերել են մոնումենտալ հնագույն դամբարան, որը դարեր շարունակ օգտագործվել է որպես հուղարկավորման վայր՝ նախքան բուժիչ տաճարի վերածվելը:

Դրա ավելի ուշ կիրառումը մատնացույց անող  արտեֆակտներից են կիսաթանկարժեք քարով ոսկյա դրոշմված մատանին, որում պատկերված է Ապոլոնը «բուժող օձի» հետ և մարդու մարմնի մասերի փոքր քանդակներ, ներառյալ մատները:

Բացի այդ, դամբարանից հանվել են մետաղադրամներ, ծաղկեպսակի ոսկու տերևներ, փոքրիկ ծաղկամաններ, երկաթե և բրոնզե իրեր, օծանելիքի սրվակներ և ապակե ուլունքներ։

Հունաստանի մշակույթի նախարարության հայտարարության համաձայն, դամբարանը հայտնաբերվել է 2024 թվականի աշնանը Խիլիոմոդիում՝ հունական Պելոպոնես շրջանի Կորնթոսի մերձակայքում գտնվող քաղաքում։

T-աձև հուղարկավորման կառույցը ներառում էր 2,7 x 7,4 մետր չափսերով մեծ թաղման սրահ:

Դամբարանի մուտքը փակված էր դռան տեսք ունեցող սալաքարով։ Ելնելով դամբարանի ոճից՝ փորձագետները կարծում են, որ այն կառուցվել է հելլենիստական ​​ժամանակաշրջանում (մ.թ.ա. 323-30):

Գլխավոր թաղման սրահում հնագետները հայտնաբերել են մեծ սարկոֆագ և հինգ ուղղանկյուն քարե տուփեր՝ պատերի կողքերին։ Սարկոֆագում իգական սեռի կմախք է հայտնաբերվել, սակայն մնացած գերեզմանները թալանված են եղել։

Հուշարձանը մի քանի դար օգտագործվել է թաղումների համար, որից հետո ուշ հռոմեական շրջանում (մ.թ. 250-450 թթ.) դարձել է լիարժեք բուժիչ տաճար։