Կոլումբիական Erpac հանցագործ խմբավորման առաջնորդներից մեկը` Խոսե Լոպես Մոնտերոն («Caracho» մականունով), 283 գրոհայինների հետ միասին,  հանձնվել է Կոլումբիայի իշխանություններին:

Գրոհայինների հանձնվելը իրավապահ մարմիններին տեղի է ունենում Մետա դեպարտամենտի մայրաքաղաք Վիլյավիսենսիոյում: Գրոհայինները հանձնում են նաեւ զենքը, ներկա պահին նրանք 47 ինքնաձիգ են հանձնել, մեկ  գնդացիր եւ բազմաթիվ փամփուշտներ:  Ակնկալվում է, որ իրավապահ մարմիններին իրենց զենքերը կհանձնեն թմրամիջոցների անօրինական առեւտրով զբաղվող խմբավորման 400 գրոհայիններ:

Սա Կոլումբիայի հանցագործ խմբավորումների խոշորագույն զանգվածային կապիտուլյացիան էր:

 The Guardian-ը տեղեկացնում է, որ  զանգվածային կապիտուլյացիայի պատճառներն անհայտ են: Վերջերս Լոպեսը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հոգնել է պատերազմից: Մի շարք փորձագետների կարծիքով` գրոհայինների հանձնվելուն նախորդել է թմրամիջոցների առեւտրով զբաղվող, «Խելագար» մականունով հայտնի Դանիել Բարերայի խմբավորման հետ հակամարտությունը: Նա Կոլումբիայի ամենաազդեցիկ թմրաբարոններից է, նշում է   AFP-ն:

Ինչպես տեղեկացրել է դատախազ Նեստոր Արմանդո Նովոան, Լոպեսին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել: 

Նովոայի խոսքով` 300-ից ավելի դատախազներ, քննիչներ եւ սոցիալական աշխատակիցներ են աշխատում խմբավորման մասնակիցների գործերի վրա: