Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Իսրայելում աճող ներքաղաքական լարվածության ժամանակ երկրի վարչապետը գործում է փորձարկված սխեմայով՝ արմատական միջոցներ ձեռնարկելով ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արաբագետ Հայկ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Նեթանյահուին նոր մեղադրանքներ են առաջադրվել, ինչպես նաեւ լարվածություն կա երկրի հատուկ ծառայությունների տարբեր թեւերի միջեւ։
Քոչարյանը նաեւ նշել է, որ Գազայի հատվածին Իսրայելի վերսկսած ավիահարվածներին նախորդել է տեղեկությունը, թե Եգիպտոսում գերիների հարցով բանակցությունները ձախողվել են։
«Դրանից հետո կարելի էր սպասել ռազմական էսկալացիա։ Միաժամանակ, Իսրայելը հայտնել է, որ բանակցություններ չեն լինի, իսկ գերիների վերադարձը տեղի կունենա կրակի տակ»,- ավելացրել է նա։
Արաբագետը հիշեցրել է, որ Թրամփը մեծ նշանակություն է տվել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի համաձայնության ձեռքբերմանը, եւ ստեղծված իրավիճակը պատճառ է ստեղծում, որպեսզի ԱՄՆ-ը նորից ներգրավվի խնդիրների լուծմանը։
Սիրիայում եւս լարվածություն է տիրում փոքրամասնությունների հալածանքների ֆոնին, Իսրայելը «մատը պահում է զարկերակին» եւ փորձում է թույլ չտալ այնպիսի օջախների ձեւավորումը, որոնք կարող են ապագայում իր համար անվտանգության խնդիրներ ստեղծել, նշել է Քոչարյանը։
«Իսրայելը պարբերաբար փորձում է ցույց տալ իր առավելությունը տարածաշրջանում, եւ Գազայի հատվածին հասցված հարվածները նաեւ ուժի ցուցադրություն են եւ Մերձավոր Արեւելքում ապագա վերադասավորումների նախապատրաստություն»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է հութիներին, նրանք կաթվածահար են արել առեւտուրը Կարմիր ծովում եւ շատ հստակ են Իսրայելի նկատմամբ իրենց դիրքորոշման հարցում՝ պնդելով, որ կշարունակեն հարձակվել հրեական պետության վրա, քանի դեռ Իսրայելը հարձակվում է Գազայի վրա:
Այս իմաստով ԱՄՆ հարվածները հութիների դեմ ուղղված են նաեւ նրանց ռազմական ներուժի թուլացմանը, սակայն դժվար թե ամերիկացիների ներկա գործողությունները փոխեն հութիների դիրքորոշումը։
Իրանի տեսանկյունից կա ըմբռնում, որ հութիները տարածաշրջանում մնում են շիա դիմադրության վերջին հենակետը, որի վրա Թեհրանը կարող է ազդեցություն ունենալ»,- եզրափակել է Քոչարյանը։





























