Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդուժի հասցրած հարվածների հետեւանքով ավելի քան 170 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Նրա տվյալներով՝ 404 մահացածների թվում կան ավելի քան 170 երեխա եւ ավելի քան 80 կին։ Նշվել է նաեւ, որ փրկարարական խմբերը եւ շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածների զգալի մասին «տեխնիկայի, վառելիքի եւ ծանր տեխնիկայի բացակայության պատճառով»։
Բացի այդ, վարչությունն ընդգծել է, որ տարածաշրջանում լիարժեք գործում են միայն 4 դաշտային հիվանդանոց, 22 հիվանդանոց, 6 դաշտային հիվանդանոց մասնակի է գործում, իսկ 13 հիվանդանոց եւ 4 դաշտային հիվանդանոց ընդհանրապես չեն գործում ավերածությունների, կադրերի եւ դեղերի սղության պատճառով։ «Իրավիճակն աղետալի է, մենք չափազանց շատ զոհեր ունենք»,- մեջբերել է վարչությունը «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամեդ Աբու Սիլմիային:
Մարտի 18-ին իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել անկլավին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի՝ բանակցություններում առաջադրած առաջարկներից, հայտնելով, որ Գազայում գործողության նպատակը բոլոր պատանդների ազատումն է։ Արմատականները մարտական գործողությունների վերսկսման պատասխանատվությունը դրել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի վրա։





























