Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի ժամանակ առաջարկել է ուկրաինական ատոմակայանները փոխանցել ԱՄՆ-ին՝ դրանց անվտանգությունն ապահովելու համար։ Զելենսկու խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է միայն Զապորոժիեի ատոմակայանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթցը մարտի 19-ին հայտնել են Սպիտակ տան ղեկավարի խոսքերն այն մասին, որ ուկրաինական չորս ատոմակայանների հանձնումն ԱՄՆ վերահսկողությանը լավագույն պաշտպանությունն է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար, հաղորդել է dpa գործակալությունը։
Նրանց խոսքով՝ Թրամփն այսպիսի առաջարկ է արել Զելենսկուն չորեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
Մինչդեռ Զելենսկին հայտնել է, որ Թրամփի հետ զրույցի ընթացքում շոշափվել է միայն Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հարցը վերաբերել է բացառապես այն կայանին, որն այսօր գտնվում է ժամանակավոր օկուպացիայի տակ»,- ընդգծել է ուկրաինական պետության ղեկավարը։ Կայանը չի աշխատում այն պատճառով, որ Ռուսաստանն այն ամբողջությամբ պահում է անօրինական կերպով»։
Զելենսկու խոսքով՝ բարձրացվել է այս կայանի վերականգնման հնարավորության հարցը։ «Նախագահը հարցրել է. «Իսկ եթե կա հասկացողություն, որ Ամերիկան կարող է վերականգնե՞լ դա»,- հայտնել է Ուկրաինայի ղեկավարը։
«Ես նրան ասացի. այո, եթե կարելի լինի արդիականացնել... Մենք պատրաաստ ենք քննարկել դա ձեզ հետ։ Բայց մենք խոսել ենք բացառապես մեկ կայանի մասին, որը գտնվում է Ռուսաստանի ժամանակավոր օկուպացիայի տակ»,- ամփոփել է ուկրաինական պետության ղեկավարը։





























