Որոշ եվրոպական երկրներ չեն բացառում և քննարկում են իրենց պաշտպանական ձեռնարկություններն Ուկրաինայում տեղակայելու հնարավորությունը։ Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ խոսքն անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու արտադրության մասին է։ Հրատարակությունը մեջբերում է երեք աղբյուրի, որոնք պնդում են, որ Կիևի հետ արդեն իսկ եղել են համապատասխան շփումներ։

Եվրոպական որոշ կառավարություններ չեն բացառում իրենց արտադրանքի տեղայնացումն Ուկրաինայում, ինչը վերջին տարիներին մեծացրել է իր արտադրական հզորությունը։ Այս տարբերակը, որը դիտարկվում է ապագայի համար, թույլ կտա, ըստ Corriere della Sera-ի, ավելի ցածր գնով լցնել եվրոպական դատարկ զինանոցները։ Միևնույն ժամանակ, Կիևը, ինչպես նշում է հրատարակությունը, պատրաստ է ապահովել իր արտադրական հզորությունները, քանի որ դա կարագացնի եվրոպական ինտեգրացիան՝ հաշվի առնելով երկրի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։

Թերթը գրում է նաև, որ վերազինման գործընթացը Եվրոպայում դանդաղեցնում է եվրոպական մայրաքաղաքների ներքին մրցակցությունը, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է ձեռք բերել իր ռազմական պատվերները։ Սա հանգեցնում է նախագծերի «կրկնօրինակման», ծախսերի ավելացման և վերազինման պլանների իրականացման դանդաղեցման։

Հինգշաբթի օրը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կքննարկվեն Եվրոպայի պաշտպանունակության հզորացման և սպառազինությունների վրա ծախսերի ավելացման ծրագրերը: Մարտի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ առաջ է քաշել 800 միլիարդ եվրոյի չափով համայնքը վերազինելու ծրագիր, որը նախատեսում է ԵՄ երկրները մինչև 150 միլիարդ եվրո պարտք վերցնել պաշտպանության համար: Ծրագիրը նախատեսում է, որ համայնքի անդամները վարկեր կստանան նոր զենք և տեխնիկա գնելու համար՝ պայմանով, որ պատվերները հիմնականում կատարվեն ԵՄ այլ երկրներում և Նորվեգիայում։