Եմենում սպանվել է երկրի ներքին անվտանգության ղեկավար Հուսեյն Շաբիբին: Հարձակումը տեղի է ունեցել Եմենի հարավում գտնվող Ադեն նավահանգստում: Հարձակվողները որոգայթ են լարել եւ զավթել Շաբիբիի մեքենան:
Սպանությունից հետո գրոհայիններին հաջողվել է սեփական մեքենայով հեռանալ հանցագործության վայրից: Այս մասին հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, որոնք կատարվածի համար մեղադրում են տեղի «Ալ-Քաիդա» խմբավորմանը:
Իսլամիստական ծայրահեղական «Ալ-Քաիդա» ցանցը օգտվում է մայրաքաղաք Սանայի քաղաքական անկայուն վիճակից` այն իր շահերին հարմարեցնելով: Նախագահ Ալի Աբդալ Սալեհի դեմ ժողովրդական ապստամբության ալիքի պայմաններում ավազակներն ամրապնդում են իրենց դիրքերը Եմենի հարավում եւ արեւելքում:
Գրոհայինները վերահսկում են մի քանի շրջաններ եւ քաղաքներ, ներառյալ Աբյան նահանգի մայրաքաղաք Զինջիբարը, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի եւ տեղի ցեղախմբերի միջեւ, հաղորդում է MIGnews.com-ը:




























