Քնեսեթի Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովը այսօր` դեկտեմբերի 26-ին կուսումնասիրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր մտցնելու հարցը:
Հիշեցնենք, նման առաջարկ Քնեսեթին ներկայացվել էր դեռեւս 8 ամիս առաջ: Նախապես դրա ուսումնասիրությունը նշանակվել էր դեկտեմբերի 5-ին, բայց հետաձգվել էր, քանի որ Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը ցանկությունն էր հայտնել անձամբ մասնակցելու տվյալ հարցի քննարկմանը, իսկ այդ ժամանակ նա գործուղման մեջ էր:
Քնեսեթի հանձնաժողովը, պատգամավոր Ալեքս Միլլերի գլխավորությամբ, հարցը կքննարկի հանրային լսումների ընթացքում, գրում է MIGnews.com-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նախնական գնահատականներով` հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ է Ցեղասպանության ճանաչմանը:
Կոալիցիոն գլխավոր դաշնակիցներ «Լիկուդ» եւ «Մեր տուն Իսրայել» կուսակցություններն այս հիմնախնդրի վերաբերյալ տարաձայնություններ ունեն: Իշխող կուսակցության անդամների զգալի մասը (Ռեուվեն Ռիվլին, Զեեւ Էլկին, Գիլադ Արդան, Բենի Բեգին եւ այլք) կողմ են Ցեղասպանության ճանաչմանը: Իրենց հերթին «Մեր տուն Իսրայել» կուսակցության անդամները վճռականապես դեմ են` նշելով, որ անգամ Քնեսեթի կողմից այդ հարցի քննարկումը վնասում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը:
Հիշեցնենք, Ֆրանսիայի Ստորին պալատը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրինագիծը: Դրան ի պատասխան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին:




























