Լենինի դամբարան-ինստիտուտի ռուս գիտնական-բալզամապատողների խումբը դեկտեմբերի 25-ին մեկնել է Փհենյան, որպեսզի բալզամապատի հեղափոխության հերթական «անմահ առաջնորդի»` Կիմ Չեն Իրի մարմինը: Շատ շուտով նա իր «արժանի» տեղը կզբաղեցնի Լենինի, Հո Շի Մինի, Կիմ Իր Սենի եւ Մաո Ցզեդունի հետ նույն շարքում:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Լենինի դամբարանի լաբորատորիայի պրոֆեսոր Վլադիսլավ Կազելցեւը: Նախքան Փհենյան մեկնելը, լրագրողների հետ զրույցում, նա հայտնել է, որ իրենց լաբորատորիայի տեխնոլոգիան «առեւտրային գաղտնիք է, կամ այսպես ասած, «նոու հաու»:
Հենց ռուս գիտնականներն են 1995-ին հետազոտել մարդու հյուսվածքների ոչնչացման գործընթացը եւ ընտրել ճիշտ ջերմաստիճան ու նյութեր` նախորդ «մեծ առաջնորդի» Կիմ Իր Սենի մարմինը «հավերժացնելու» համար: Այդ առաջնորդը հիմա պառկած է ԿԺԴՀ-ի իր սարկոֆագում, հաղորդում է HTB-n:
Հիմա «հավերժանալու» հերթը նրա որդունն է` Կիմ Չեն Իրինը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին, 70 տարեկան հասակում: Նրա թաղումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: Դեկտեմբերի 21-ին այդ երկրում 11-օրյա սուգ է հայտարարված: «Մեծ առաջնորդի» մարմինն այժմ գտնվում է Փհենյանի դամբարանում, որտեղ գտնվում է նաեւ նրա հոր մարմինը:




























