ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել հեռանալ քաղաքականությունից, ինչին կառավարության աշխատակազմից պատասխանել են, որ Գորբաչովը Պուտինին խորհուրդներ տալու իրավունք չունի:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Գորբաչովը հայտարարել է, որ Պուտինը լավ կանի ինքնակամ հեռանա իշխանությունից: «Ընդհանրապես, ես Վլադիմիր Վլադիմիրովիչին խորհուրդ կտայի հեռանալ հիմա: Երեք ժամկետը լրացել է` երկու նախագահական եւ մեկ` վարչապետի», - ասել է նա:
Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռոսիա հեռուստաալիքի «Վեստի նեդելի» հաղորդման ընթացքում նշել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Վլադիմիր Պուտինին հեռանալու խորհուրդ տալու իրավունք չունի:
«Հսկայական երկրի նախկին ղեկավարը, որն ըստ էության քանդեց այն, խորհուրդ է տալիս հեռանալ այն մարդուն, ով կարողացավ այդ նույն ճակատագրից փրկել Ռուսաստանը», - Պեսկովի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, դեկտեմբերի 24-ին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում կայացել են «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքներ: Ընդդիմության տվյալներով` Մոսկվայի Սախարովի հրապարակում 100 հազար մարդ էր հավաքվել, իրավապահ մարմիններն էլ հաղորդում են 30 հազար մասնակիցների մասին:




























