Հաքերները կոտրել են Ֆրանսիայի իշխող կուսակցության անդամ Վալերի Բուայեի կայքը, ով այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախաձեռնողն է:

Բացի այդ, Բուայեն հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն, երբ իրեն եւ իր ընտանիքի անդամներին սպառնացել են սպանել, հաղորդում է MIGnews.com-ը:

Հաքերները պատգամավորի կայքի գլխավոր էջում տեղադրել են Թուրքիայի դրոշը եւ դիմում ուղղված Ֆրանսիայի կառավարությանն ու ֆրանսահայ համայնքին: Նրանք հայտարարել են, որ այդ օրինագիծը նախատեսված է Ֆրանսիայիում ապրիլին կայանալիք ընտրություններում ձայներ գնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի թուրք օգտագործողները հայհոյանքներով ու վիրավորանքներով լի արտահայտություններով էին լցրել Վալերի Բուայեի էջը:

Թուրքերը մի քանի ադրբեջանցիների հետ Բուայեի էջը «նախշել» էին հայհոյանքներով, վիրավորանքներով լի մեկնաբանություններով` ուղղված եւ Բուայեին, ողջ Ֆրանսիային, եւ այդ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին ու բոլոր ֆրանսիացիներին:

Նույն հոդվածների ներքո, հայ օգտագործողներն իրենց շնորհակալությունն էին հայտնել ֆրանսիացի պատգամավորին:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը: