Մեծ Բրիտանիայի լեյբորիստական ​​կառավարությունը քննարկում է Brexit-ի առեւտրային համակարգի նախագիծը չեղարկելու հարցը՝ գումար խնայելու նպատակով։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պահպանողական կաբինետի 2020թ. դեկտեմբերին նախաձեռնած ծրագիրը, որում արդեն ներդրվել է 180 մլն ֆունտ (ավելի քան 230 մլն դոլար), ըստ պարբերականի, նախատեսում էր «մեկ առեւտրային պատուհանի» ստեղծում՝ արտաքին առեւտրային գործընկերների հետ «արմատապես պարզեցնելու համար փոխգործակցությունը»։ Ենթադրվում էր, որ դա թույլ կտա Մեծ Բրիտանիայի ներմուծողներին եւ արտահանողներին ներկայացնել բոլոր փաստաթղթերը թվային տեսքով մեկ տեղում՝ ժամանակ եւ գումար խնայելու համար:

Սակայն որոշ ձգձգումներից հետո նախագիծը, որի իրականացումը, ըստ թարմացված տվյալների, կարժենա ընդհանուր առմամբ 330 մլն ֆունտ (427 մլն դոլար), դեռ չի իրականացվել։

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի բիզնեսի եւ առեւտրի հանձնաժողովի ղեկավար Լիամ Բիրնի խոսքով՝ «առեւտրային միասնական պատուհանի նպատակն էր բիզնեսի համար քառորդ մլրդ դոլար խնայելը»: Առանց այդ ծրագրի իրականացման՝ Միացյալ Թագավորությունը «կարիք կունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների իսկապես լայնածավալ վերականգնման, որպեսզի վերացնի բյուրոկրատական քաշքշուկը, որը խեղդում է մեր արտահանողներին, հատկապես փոքր բիզնեսը»,- փաստել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի վաղ հայտնել էր, որ Լոնդոնը ցանկանում է վերադառնալ Եվրամիության հետ կայուն եւ դրական հարաբերություններին։ Սակայն Brexit-ը վերանայելու, Մեծ Բրիտանիան միասնական շուկա կամ ԵՄ մաքսային միություն վերադարձնելու մասին խոսք չկա, հավաստիացրել է նա։