Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը քրեականացնող օրենքի դեմ իրենց բողոքը չի սահմանափակվելու միայն Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ալժիրցիների «ցեղասպանության» հուշարձանի տեղադրությամբ։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Անկարայի քաղաքապետը նշել է, թե իրենք Ֆրանսիայի դեմ բողոքի գործողությունների համար կսպասեն մինչեւ փետրվարի վերջ, երբ Սենատը որոշում կկայացնի հայկական օրինագծի հետ կապված։  Գյոքչեքն ասել է, թե արդեն սառեցրել է ֆրանսիական Renault ավտոընկերությունից էլեկտրականությամբ աշխատող 100 մեքենաների պատվերը։

«Մենք նաեւ քաղաքային մեջլիսի օրակարգ ենք բերելու Անկարայի ֆրանսիական անուններով փողոցների վերանվանման հարցը։ Մենք շարժվելու ենք Ֆրանսիայի Սենատի որոշման համաձայն»,-ասել է Անկարայի քաղաքապետը։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Սպասվում է, որ օրինագիծը Սենատում կհայտնիվի 2012-ի փետրվարին։