Թուրք հասարակությունը բարեկամաբար է տրամադրված Ադրբեջանի հանդեպ, բայց երկու կողմերի շահերը միշտ չէ, որ համընկնում են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողներին ասել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Երկու կողմերի շահերրը հաճախ համընկնում են, բայց երբեմն նաեւ տարաձայնություններ են լինում, ինչպես օրինակ էներգետիկական հարցերում: «Այդ խնդիրը մի քանի անգամ բացահայտ դրսեւորվել է, մասնավորապես, Ադրբեջանի գազի տարանցման հարցում Թուրքիայի տարիֆի բանակցությունների պարագայում:
Մյուս կողմից, Թուրքիան ինքն է ադրբեջանական գազ գնում, եւ այստեղ 1-1,5 տարվա ընթացքում կողմերը չէին կարողանում փոխադարձ ընդունելի գին գտնել»,- հիշեցրել է Սաֆրաստյանը:
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան չպետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդ լինի, Սաֆրաստյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ կապեր փնտրելն անիմաստ է: «Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է Թուրքիայի նախագահը միավորում այդ երկու գործընթացները: Եթե խոսենք միջնորդական դերի մասին, ապա հարկ է նշել, որ Թուրքիան ինքը բազմիցս հավակնել է դրան ԵԱՀԿ Մինսկի խմբում: Սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի. դրան, բնականաբար, չի համաձայնի Հայաստանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները եւս այդ հարցում շահագրգռված չեն: Անցած 20 տարիների ընթացքում Թուրքիայի համակրանքը հակամարտող կողմերից մեկի հանդեպ արտահայտվել է ամենայն թափանցիկությամբ»,- ասել է փորձագետը:




























