Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կշարունակի ակտիվորեն հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ ճնշում գործադրելու համար Բեյրութի վրա երկկողմ հարաբերությունները սեփական պայմաններով կարգավորելու համար: Այս մասին գրել է էմիրաթների The National թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդության արդյունքում 2024թ. նոյեմբերի 27-ին կնքված երկկողմ հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր, որ Իսրայելն ամբողջությամբ դուրս կբերի իր ուժերը Լիբանանից մինչեւ 2025թ. փետրվարի 18-ը, իսկ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ուժերը կհեռանան երկրի հարավային հատվածից։ Սակայն իսրայելական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով իր վերահսկողության տակ է մնալու Լիբանանի տարածքում գտնվող հինգ ռազմավարական կետեր, որոնք գտնվում են սահմանային գոտում գերիշխող բլուրների վրա։ Լիբանանը բազմիցս մեղադրել է հրեական պետությանը հարվածների պատճառով համաձայնագիրը խախտելու մեջ, իսկ Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահի» կողմից սադրանքների մասին։
Ըստ լիբանանցի բարձրաստիճան զինվորականի՝ երկրի ղեկավարությունն ակնկալում է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավելի շատ հարվածներ կհասցնի եւ կպահպանի ներկայությունն այս հինգ ռազմավարական կետերում, քանի դեռ Իսրայելը չի կարողանա Լիբանանին ստիպել քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար: Ամերիկացի պաշտոնյան The National-ին ասել է, որ Իսրայելի ռազմավարությունն է՝ մեծացնել ճնշումը Լիբանանի նոր ղեկավարության վրա՝ հրեական պետության պայմաններով խաղաղ համաձայնագրերի հասնելու համար: «Սա երկարաժամկետ, կայուն մոտեցում է»,- ավելացրել է թերթի աղբյուրը։
Միեւնույն ժամանակ, Լիբանանն ինքը հակված չէ լիովին կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, որի հետ երկիրը ներկայում չունի դիվանագիտական հարաբերություններ, եւ սահմանների ու տնտեսական գոտիների հետ կապված հարցերի լայն շրջանակ մնում է չլուծված։ Չնայած կողմերը մարտի սկզբին պայմանավորվել են բանակցություններ վարել սահմանների շուրջ, դրանք լինելու են զուտ տեխնիկական բնույթի եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԱԿ միջնորդությամբ, հարաբերությունների կարգավորման մասին խոսք չկա, ընդգծել է թերթի աղբյուրը Լիբանանի ղեկավարությունում։
Սպասվում է, որ չորեքշաբթի Բեյրութ կգա ֆրանսիացի հատուկ ներկայացուցիչը, ինչից հետո մարտի 28-ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կմեկնի Փարիզ երկօրյա այցով՝ քննարկելու բանակցությունների անցկացումը։





























