ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթը հերքում է, որ քննարկել է ռազմական ծրագրերը Signal-ի չաթում, որտեղ մուտք է գործել The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, հաղորդել է The Hill-ը:

«Ոչ ոք ռազմական ծրագրեր չի ուղարկել, եւ դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նա նաեւ Գոլդբերգին անվանել է «խաբեբա եւ խիստ վարկաբեկված, այսպես կոչված, լրագրող, որն իր մասնագիտությունն «ստեղծել» է նորից ու նորից կեղծիքներ վաճառելով»:

Ըստ The Hill-ի, միեւնույն ժամանակ շատ դեմոկրատներ «հարձակվել են» Հեգսեթի վրա:

«Չկա այնպիսի աշխարհ, որտեղ այդ տեղեկատվությունը պետք է տարածվի անապահով ուղիներով: Հեգսեթն այնքան է չափն անցել, որ նա վտանգ է ներկայացնում այս երկրի եւ մեր համազգեստով տղամարդկանց ու կանանց համար»,- ասել է դեմոկրատ պատգամավոր Սեթ Մոուլթոնը:

Մարտի 11-ին The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար մուտք է գործել մասնավոր Signal զրույց, որտեղ ԱՄՆ պաշտոնյաները քննարկում էին Եմենում հութիներին հարվածելու ծրագրերը: Միջադեպը լուրջ արձագանքներ է առաջացրել մի շարք քաղաքական գործիչների կողմից, իսկ կոնգրեսականները կոչ են արել հետաքննություն սկսել։

Մինչդեռ Politico-ն գրել է, որ իրավիճակն ի վերջո կարող է հանգեցնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթցի հրաժարականին։