Գերմանիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, նշել է, որ երկիրը, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, պետք է աջակցի օրենքի գերակայությանը։ Այս մասին X-ում գրել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Գերմանիայում հայտնել են, որ Թուրքիայի հավատարմությունը ԵՄ-ին անդամակցելուն «ավելի դատարկ է թվում»՝ հաշվի առնելով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ ձեռնարկված գործողությունները:

«Քաղաքական մրցակիցները չպետք է բանտում կամ դատավարության մեջ լինեն: Երկիրը, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, պետք է աջակցի օրենքի գերակայությանը»,- նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն իր հերթին ասել է, որ «աշխարհաքաղաքական այս բուռն ժամանակներում մեր համագործակցությունը պահանջում է ժողովրդավարական եւ սահմանադրական Թուրքիա՝ ուժեղ քաղաքացիական հասարակությունով, ինչպես թուրքերն են կառուցել վերջին 100 տարվա ընթացքում»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին դատարանը որոշում է կայացրել Իմամօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Փաստաբանները մտադիր են բողոքարկել.

Միաժամանակ դատարանը մերժել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով Իմամօղլուին ձերբակալելու դիմումը։

Իմամօղլուի հետապնդումը հանգեցրել է երկրում զանգվածային բողոքի ցույցերի։ Հատկանշական է, որ մարտի 24-ին Ստամբուլում վեցերորդ գիշերը ցույցերի մեծ բազմություն էր հավաքվել՝ բողոքելով ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության դեմ։

Նույն օրը Իմամօղլուի կուսակցությունը հավանություն է տվել նրա առաջադրմանը որպես նախագահի թեկնածու՝ չնայած նրա ձերբակալությանը։