ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին խնդրել է ուսումնասիրել կոդավորված հաղորդագրությունների փոխանակման Signal հավելվածի անվտանգությունը, սակայն չի կարծում, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այդ հավելվածում կարող է հետաքննություն անցկացնել ազգային անվտանգության գաղտնի տեղեկությունների վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։

«Սա իրականում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործը չէ։ Դա ավելի շատ անվտանգությանն է առնչվում,-ասել է Թրամփը։ - Օրինակ, հնարավո՞ր է, որ որևէ մեկը կարողանա կոտրել համակարգը։ Կա՞ն մարդիկ, որոնք կարող են միջամտել խոսակցություններին։ Եթե դա ճիշտ է, ապա մենք պետք է այլ լուծում գտնենք»։

The Atlantic պարբերականի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, որը ավելի ուշ հոդված է գրել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդակցությունների մասին, նշել է, որ ինքը ոչ մի կերպ չի «կոտրել» Signal-ի չաթը՝ Եմենում հութիների դեմ հարվածների քննարկման ժամանակ։ Ըստ նրա՝ Ուոլցը, կարծես, պատահաբար է իրեն հրավիրել այդ չաթը։

«Մեր տեխնիկական մասնագետներն ուսումնասիրում են այդ հարցը։ Մեր իրավաբաններն էլ են զբաղվում այդ խնդրով, և մենք, իհարկե, մտադիր ենք հնարավորինս բարձր անվտանգություն ապահովել»,-ասել է հանդիպմանը ներկա Ուոլցը։

Երբ Թրամփին հարցրել են՝ արդյոք նա հավանությո՞ւն է տալիս իր վարչակազմի կողմից Signal-ի շարունակական օգտագործմանը, նա պատասխանել է. «Ոչ, ես այդպես չեմ ասել։ Ես ասել եմ, որ մենք դա կքննարկենք, բայց, կարծես, բոլորը դա են օգտագործում»։

Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ վարչակազմը, հնարավոր է, ապագայում այլևս Signal-ը չօգտագործի։

«Եթե դա ինձնից կախված լիներ, բոլորը նույն սենյակում կլինեին։ Սենյակը կունենար կապարե պատեր, կապարե առաստաղ և կապարե հատակ։ Բայց գիտեք՝ կյանքը միշտ չէ, որ թույլ է տալիս դա անել։ Ես չեմ կարծում, որ մենք անհամբեր սպասում ենք այն կրկին օգտագործելուն»,-ասել է նա Signal-ի մասին։

«Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք այն օգտագործել։ Կան իրավիճակներ, երբ արագությունն ավելի կարևոր է, քան բացարձակ անվտանգությունը, և այդ դեպքում ստիպված կլինենք կիրառել այն։ Բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, ըստ երևույթին այն շատ հաճախ չենք օգտագործի»,-հավելել է նա։

Ավելի ուշ Ուոլցը հայտնել է. «Համաձայն եմ ձեզ հետ։ Եկեք բոլորին նույն սենյակում հավաքենք, երբ դա հնարավոր լինի»։