Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ–ում հանդիպել է իր գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարները տեսախցիկների առաջ ձեռքսեղմումից հետո անցել են փակ հանդիպման։ Հանդիպման հետ կապված դեռեւս պաշտոնական հայտարարություն չկա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաքան Ֆիդանի ԱՄՆ ուղեւորության առանցքային թեմաները կլինեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին վերջ տալու ջանքերը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ երկկողմ հարաբերությունների հարցերը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը։ Մասնավորապես, Ֆիդանը կբարձրացնի 2020թ. կիրառված ամերիկյան CAATSA պատժամիջոցները չեղարկելու եւ Թուրքիան F-35 ծրագրին վերադարձնելու հարցը, որից նա բացառվել էր Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո։