ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ստորագրել է հրամանագիր, որը պահանջում է քաղաքացիության ապացույցներ ներկայացնել ընտրություններում քվեարկելու համար գրանցվելու ժամանակ։

«Նահանգի կամ իշխանության տեղական մարմնի պաշտոնյան պետք է նշի փաստաթղթի տեսակը, որը հայտատուն ներկայացրել է որպես Միացյալ Նահանգների քաղաքացիության վավերական հաստատում, ներառյալ փաստաթղթի տրման ժամկետը, փաստաթղթի գործողության ժամկետի սպառման ամսաթիվը (եթե այն կա), գերատեսչությունը, որը տվել է փաստաթուղթը, եւ ցանկացած տվյալ համապատասխան միջոցների միաժամանակյա ընդունման մասին տեղեկատվական անվտանգության ապահովման համար»,- նշվել է հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Դրանում նշվել է, որ դաշնային օրենքը «օտարերկրյա քաղաքացիներին արգելում է մասնակցել դաշնային, նահանգային կամ տեղական ընտրություններին` մուծումներ կամ ծախսեր կատարելու միջոցով»:

«Օտարերկրյա միջամտության այս տեսակը մեր ընտրական գործընթացին խաթարում է Ամերիկայի քաղաքացիների՝ իրենց հանրապետությունը կառավարելու ձայնի իրավունքը»,- ընդգծվել է հրամանագրում։

Փաստաթղթի համաձայն՝ այն նահանգների համար, որոնք քայլեր չեն ձեռնարկի իրենց ընտրությունների «անվտանգությունն ապահովելու» համար, կկրճատվի դաշնային ֆինանսավորումը։

Հրամանագրով կոչ է արվում արդարադատության նախարարությանը քրեական պատասխանատվության ենթարկել ընտրությունների հետ կապված հանցագործությունների համար:

Հրամանագրի նպատակն է նաեւ արգելել նահանգներին հաշվել քվեաթերթիկները, որոնք ընտրական հանձնաժողովների աշխատակիցները փոստով ստանում են ընտրությունների օրվանից հետո: