ԱՄՆ-ը մտադիր է երկար ժամանակ շարունակել հարվածներ հասցնել Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման դիրքերին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այդ հարվածները շատ հաջող էին, դրանք գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Մենք հարվածեցինք նրանց շատ ուժեղ, շատ հաջող: Եվ մենք կշարունակենք դա անել դեռ երկար»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Միաժամանակ Թրամփը կտրուկ է արձագանքել Եմենի դեմ ամերիկյան զինված ուժերի հարձակումների վերաբերյալ Signal մեսենջերում տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալի մասին հարցին։ «Ոչ մի վնաս չկար, քանի որ հարձակումն այդ գիշեր աներեւակայելի հաջող էր, ինչպես հաջորդ չորս կամ հինգ գիշերներին: Ահա թե ինչի մասին պետք է խոսել։ Դա պետք է աներ քնկոտ [կառավարական ամենաբարձր պաշտոնում Թրամփի նախորդը] Ջո Բայդենը։ Բայց նա քնում էր ղեկին, բացառությամբ, իհարկե, երբ խոսքը փող գողանալու մասին էր»,- ասել է Թրամփը։