Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում մասնակցել է քաղաքապետարանի բակերի բարեկարգման 2011 թվականի ծրագրի շրջանակում իրականացված վեց բակերի բացման արարողություններին: Հատկանշական է, որ բարեկարգ այս բակերի տարածքները նախկինում եղել են ապօրինի զավթած ու որոշ բնակիչների կողմից օգտագործվել են որպես բոստաններ: Որոշ տեղերում էլ բնակիչներն ինքնակամ քանդել են սեփական ավտոտնակները, որպեսզի իրենց երեխաների համար եւս ստեղծվեն մանկական խաղահրապարակներ, տեղադրվեն նոր զրուցարաններ ու նստարաններ`թե փոքրիկների, եւ թե մեծերի բակային առօրյան ավելի հագեցած դարձնելու համար: Որոշ տեղերում, ելնելով ազատ տարածքների առկայությունից, ձեւավորվել են մարզահրապարակներ, առանձին բակերում տեղադրվել են նաեւ մարզասարքեր: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին `ընձեռված նման հնարավորության համար եւ խոստացել խնամքով վերաբերել ու պահպանել:
Զրուցելով բակի բնակիչների հետ, Երեւանի քաղաքապետը նախ շնորհավորել է պատշաճ տեսքի բերված բակերի ու նաեւ գալիք տոների կապակցությամբ եւ ընդգծել, որ սրտացավ ու հոգատար վերաբերմունքն այժմ բակը երկար ժամանակ բարեկարգ ու գեղեցիկ տեսնելու առաջին նախապայմանն է:
«Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի բակերը բնակիչների համար հաճելի լինեն: Վստահեցնում եմ, որ տարիներ անց Երեւանի բոլոր բակերը նման բարեկարգ տեսք են ունենալու: Միայն թե անհրաժեշտ է սրտացավ ու հոգատար լինել եւ համոզված եղեք, որ այդ դեպքում բակերը ձեզ երկար կծառայեն»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Միայն Մալաթիա-Սեբաստիայում այս տարի շահագործման են հանձնվել 9 վերակառուցված բակեր եւ մինի ֆուտբոլի մեկ դաշտ: Դեռեւս չբարեկարգված բակերի բնակիչներն էլ խնդրեցին քաղաքապետին իրենց բակերը եւս ներառել բարեկարգման ծրագրերում, ինչին ի պատասխան Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:




























