Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի ակնկալիքները ներկայացվել են դեկտեմբերի 6 -ին Վիլնյուսում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Պատասխանելով ներկա իրավիճակի եւ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից  ակնկալիքների մասին հարցին, ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում` Ֆրանսիան,  ակնկալում են, որ կողմերը համաձայնության կգան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքերի շուրջ:

Անրի Ռենոն նաեւ նշեց, որ 2012 թ-ին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին կփոխարինի Ժակ Ֆորը: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ակնկալիքներին, ապա դրանք ներկայացվել են դեկտեմբերի 6 -ին Վիլնյուսում`  եկել է  որոշումներ գտնելու ժամանակը, այլընտրանք չկա:  2011թ. մարտին  Սոչիի հանդիպման արդյունքներով նախագահներ Սարգսյանի, Ալիեւի եւ Մեդվեդեւի  համատեղ հայտարարության համաձայն` կողմերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պետք է սկսեին շփման գծում  միջադեպերի հետաքննությունը եւ այդպիսով  քայլեր ձեռնարկեին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ընդգծեց դեսպանը:

2011թ. դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիտի շրջանակներում ընդունվել էր հնգակողմ հայտարարություն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: