Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանն այս տարի առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմանը մասնակցեցին 42 լրագրողներ: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Ռոման Ամոյանի հետ:

Դու ճանաչվեցիր Հայաստանի լավագույն մարզիկ: Ակնկալո՞ւմ էիր, որ հենց քեզ կշնորհեն այդ կոչումը:

Այդ հարցը ինձ բազմիցս են ուղղել: 10-11 տարի շարունակ եղել եմ այդ տասնյակում, զբաղեցրել եմ երկրորդից մինչեւ 10-րդ տեղը: Առաջին անգամ ճանաչվում եմ Հայաստանի տարվա լավագույն մարզիկ: Ինչ խոսք, շատ ուրախ եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարզիկի համար դա երազանքի նման մի բան է: Այս տարի նաեւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ինձ ճանաչեց Եվրոպայի լավագույն մարզիկ եւ կարծում եմ դա էլ իր ազդեցությունն ունեցավ, որ ես ճանաչվեցի Հայաստանի լավագույն մարզիկ:

2011 դարձար Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչ ես զգում, երբ կանգնում ես պատվո հարթակին:

Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Դա աննկարագրելի զգացողություն է, մի անբացատրելի ուրախություն, երբ հնչում է հիմնը, դրոշն է բարձրանում, երբ ամբողջ աշխարհին ճանաչել ես տալիս քո պետությունը:

Ո՞ւմ հետ ես կիսում հաղթանակներիդ բերկրանքը:

Առաջնահերթ, կիսում եմ մարզիչներիս, ընտանիքիս, ընկերներիս հետ: Երբ վերադառնում եմ մեդալներով, առավելեւս ոսկե մեդալով` միշտ հավաքվում ենք ընկերներով եւ նշում ենք:

Ի՞նչով էր պայմանավորված քո ձախողումը Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում:

Մինչեւ Ստամբուլի աշխարհի առաջնությունը բոլոր մրցաշարերում հաջող եմ հանդես եկել, սակայն աշխարհի առաջնությունից մեկ ամիս առաջ ծագեցին առողջական լուրջ խնդիրներ եւ դա ինձ թույլ չէր տալիս մարզվել ինչպես հարկն է եւ հասնել այն մարզավիճակին, որն անհրաժեշտ էր:

Պարտության դեպքում ինչպե՞ս ես դուրս գալիս այդ վիճակից:

Շատ ծանր եմ տանում պարտություններս, հոգեբանական ծանր ապրումներ եմ ունենում մինչեւ հաջորդ մրցումը եւ շատ զայրացած եմ լինում  ինքս ինձ վրա:

Քեզ տեսնում էինք «Լավագույներից լավագույնը» հաղորդման շրջանակներում: Ինչպե՞ս եղավ, որ դու մասնակցեցիր:

Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակից մեկ ամիս անց ստացա առաջարկ Յուրի Վարդանյանից, քանի որ նա էր ղեկավարում թիմը: Առաջարկներ ստացան նաեւ աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանինը եւ Եվրոպայի չեմպիոն Կարեն Մնացականյանը: Կար ցանկություն, որ մասնակցություն ունենա նաեւ գործող մարզիկ: Ես չմերժեցի այդ առաջարկը: Մասնակցությունից միայն բավականություն ստացա:

Ի՞նչ ակնկալիքներ ունես 2012-ին:

Ինձ սպասվում է սպորտային ծանրաբեռնված տարի, քանի որ տարին օլիմպիական է եւ ապրիլից սկսվում են վարկանիշային մրցաշարերը: Ունեմ երեք մրցաշարեր, որոնց պատրաստվում եմ մասնակցել:

Ի՞նչ կմաղթես երկրպագուներիդ եւ բոլոր մարզասերներին:

Մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն, միշտ ուժեղ լինեն, ժպիտն անպակաս լինի: Եվ օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մեր ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին, որ մեծ ուշադրություն են դարձնում մարզիկներիս եւ ըմբշամարտին: Իրենք մեծ ներդրում ունեն մեր հաղթանակներում, ինչի համար շատ երախտապարտ եմ: Ինչ խոսք, մեզանից էլ հասնում է մեդալներ նվաճել, որի համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում:

Զրուցեց Տաթեւ Մարությանը