Ես այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պտտվելու, մինչեւ 2007-ի սպանությունները չբացահայտվեն, երբ 4 տղայի եւ փոխքաղաքապետի գործերը բացահայտվեն, դրանից հետո զրահապատ մեքենայով չենք պտտվի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը:

«Վախենում ենք, որովհետեւ գործերը բացահայտված չեն, հանցագործները դրսում են»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը ծախվող չէ եւ հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ չի գնա՝ անդրադառնալով նրան, որ իր դեմ կարող են քրեական գործեր հարուցել եւ կալանավորել:

Նա շեշտեց, որ բարձրաձայնել է՝ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ ինքը միանալու է նրանց: «Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն, ով չհամաձայնեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է»,- ասաց նա:

Հարցին՝ քննարկե՞լ են արդեն մյուս ուժերի հետ այդ մասին, նա պատասխանեց. «Ոչ մեկի հետ հանդիպում ու քննարկում չեմ ունեցել, հուսով եմ՝ բոլորն էլ այսպես են մտածում: Ես այնպես կանեմ, որ բոլորդ կիմանաք՝ ով հանկարծ ուրիշ ձև արեց, անպայման պետք է տեղեկացնենք բոլորին: Եթե ընդդիմություն է ու չի միանում շատ ձայներ հավաքողին, դա նշանակում է՝ դիտավորյալ է անում:

Եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան ու ինձ առաջարկեն իրենց միանամ ու իմ ձայներն ավելի շատ լինի իրենցից, ես միայն կծիծաղեմ: Եթե իմ ձայները ավելի շատ լինեն, միանշանակ չեմ միանալու մյուսներին:

Եթե ինձ հանկարծակի բանտարկեն էլ, ուրեմն իմ ավագանիներն անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը, ու ես էլ թեկուզ բանտարկված լինեմ, այնտեղից եմ աշխատելու: ՔՊ-ին միանալը միանգամից մտքներիցդ հանեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։