ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոս Կանի սկանդալային պատմությունը մտադիր են էկրանավորել, իսկ գլխավոր դերում տեսնում են ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեին: Լայն արձագանք գտած էկրանավորման գաղափարը ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆերարեն է հղացել` «Վտանգավոր խաղ»-ի եւ  «Վատ լեյտենանտ»-ի հեղինակը:

Ֆերարեին սյուժեն ֆիլմի համար հիանալի հիմք է թվացել,  իսկ նրա մշտական սցենարիստ Քրայսթ Զուանդրան  այլ քաղաքական գործիչների կյանքից դրվագներ է հավելել: Օրինակ` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, որին վարկաբեկել էր Մոնիկա Լեւինսկին, եւ Սիլվիո Բեռլուսկոնիի, որին նման սկանդալները վերջին տարիներին հետապնդում էին ամեն քայլափոխի, գրում է Deadline.com-ը:

Ենթադրվում է, որ Ժերար Դեպարտիեն գլխավոր հերոսի դերը կխաղա, իսկ Իզաբել Աջանին նրա կնոջը կմարմնավորի: Ֆերարեի պրոդյուսերի խոսքով`  Ստրոս Կանի եւ նրա շուրջ ստեղծված քաղաքականության մասին ֆիլմ ստեղծելու փորձ է ձեռնարկվում. «Խոսքը սոսկ Ստրոս Կանի հետ կապված սկանդալի մասին չէ, այլ ավելի խոր իմաստ ունի», - ասել է նա:
Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում Դեպարտյեն հրաժարվել է խոսել տարածված լուրերի մասին, բայց չի էլ հերքել դրանք: «Որպես կանոն, ես հիանալի եմ մարմնավորում այն կերպարներին, որոնք ինձ դուր չեն գալիս կամ որոնց ես նման չեմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, 2011թ. մայիսին ԱՄՀ ղեկավար Ստրոս Կանին ձերբակալել են Նյու Յորքում. հյուրանոցի սպասուհին նրան մեղադրել էր սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Դրանից հետո Ստրոս Կանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, միեւնույն ժամանակ դուրս մնած Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարից, որի ընթացքում կարող էր լուրջ մրցակցություն ստեղծել գործող նախագահ Սարկոզիի համար:

Հուլիսին սպասուհին խոստովանել է, որ սուտ ցուցմունք է տվել, քրեական գործը փակվել է, եւ սեպտեմբերի սկզբին Ստրոս Կանը վերադարձել է Ֆրանսիա: