Բաղդադի ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի Իսլամական Պետությունը»`  «Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման իրաքյան ստորաբաժանումը:  Այդ մասին ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն` պայթյունների շարքը ահաբեկիչների համակարգված գրոհ է եղել` նվիրված բանտարկված կամ մահապատժի ենթարկված սունիների հիշատակին, հայտնում է AP-ը:

Հիշեցնենք, Բաղդադի ահաբեկչությունները կատարվել են երկրի քաղաքական իրավիճակի վատթարացման պայմաններում, որը կապում են ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերման հետ: Դեկտեմբերի 22-ի պայթյունների արդյունքում 72 մարդ զոհվել է, 170-ը` վիրավորվել:

Սուննիների եւ շիաների հարաբերությունները սրվել են նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից  եւ 2003թ. ԱՄՆ բանակի կողմից երկիրը օկուպացվելուց հետո: Կողմերը բազմիցս արյունալի ահաբեկչություններ են կազմակերպել միմյանց դեմ:

Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով` «Իրաքի Իսլամական Պետությունը» հիմնադրվել է հորդանանցի ահաբեկիչ Աբու Մուսաբ ազ-Զարքավիի (բեն Լադենի ամենամտերիմ կողմնակիցների) կողմից: Ազ-Զարքավիին վերացրել են 2006թ. հունիսին` Իրաքի կոալիցիոն ուժերի հատուկ գործողությունների ընթացքում: Նրա իրավահաջորդն էր դարձել Աբու Օմար ալ-Բաղդադին, որին եւս վերացրել էին: 2007թ. ամերիկացիների կողմից ձերբակալված  «Ալ-Կաիդա»-ի իրաքյան քարոզչական ստորաբաժանման ղեկավար Խալեդ Աբդել Ֆաթթահ Դավութ Մահմուդ ալ Մաշհադինին հարցաքննության ժամանակ հայտնել է, որ  ալ-Բաղդադին ընդամենը հորինված պերսոնաժ է, որի անունից վիրտուալ կազմակերպությունը ինտերնետում ձայնային հաղորդագրություններ է տարածում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: