Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` դեկտեմբերի 27-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանն անկախացումից ի վեր մեծ նշանակություն է տվել Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Նախագահի խոսքով, Քուվեյթում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանում Քուվեյթի դեսպանության հիմնումը վկայում են երկու երկրների միջեւ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման փոխադարձ ցանկության մասին: 

Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը նշել է, որ իբրեւ Հայաստանում Քուվեյթի առաջին դեսպան՝ իր երկրի կառավարության կողմից հանձնարարություն ունի ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով Հայաստանի հետ զարգացնելու հարաբերությունները: 

Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում, երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում սերտ փոխգործակցությունը: