2020-ին Ռուսաստանը կզբաղեցնի չորրորդ տեղը համաշխարհային խոշորագույն տնտեսությունների ցուցակում, իսկ Բրազիլիան կպահպանի 6-րդ տեղը: Եվրոպական տնտեսության հեռանկարները այնքան էլ սփոփիչ չեն: Այդպիսին է Տնտեսական եւ գործնական հետազոտությունների լոնդոնյան կենտրոնի` CEBR-ի կանխատեսումները:

CEBR-ի փորձագետները լավատեսորեն չեն տրամադրված բրիտանական տնտեսության կապակցությամբ` կանխատեսելով, որ նա 2020-ին վարկանշային աղյուսակում մեկ աստիճան ներքեւ կիջնի` զբաղեցնելով 8-րդ տեղը:

Այդուհանդերձ, առաջատարների եռյակը մնում է անփոփոխ. ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ճապոնիան շարունակելու են կարեւորագույն դեր խաղալ համաշխարհային տնտեսության մեջ: Իսկ Գերմանիան եւ Ֆրանսիան կիջնեն 7-րդ եւ 9-րդ տեղեր` ներկայիս 4-րդ եւ 5-րդ տեղից, իսկ նրանց տեղը կզբաղեցնեն Ռուսաստանն եւ Հնդկաստանը:

Միաժամանակ Բրազիլիան կշարունակի առաջ անցնել Մեծ Բրիտանիայից եւ կհայտնվի այսօրվա եվրոպական հզորագույն տնտեսությունից` գերմանականից ավելի բարձր:

«Կարծում եմ, որ դա կլինի խոշոր տնտեսական փոփոխությունների մի մասը: Մենք այժմ էլ հետեւում ենք գործընթացին, որի ներքո տնտեսական ղեկավարությունը Արեւմուտքից անցնում է Արեւելք: Պետությունը, որը հումք է արտադրում, մասնավորապես, էներգետիկ ռեսուրսներ, իրեն շատ լավ է զգում եւ աստիճանաբար բարձրանում է վարկանշային աղյուսակում»,-հայտարարել է կենտրոնի ղեկավարը Մաք-Ուիլիամսը BBC-ի հետ հարցազրույցում` մեկնաբանելով World Economic League Table–ի խոշորագույն տնտեսությունների վարկանշային աղյուսակը: