Ռուս հետազոտողները փորձել են հասկանալ, թե ովքեր են հաճախում «դժգոհների» միտինգներին: Հետազոտողների հիմնական եզրակացությունն այն է, որ հրապարակ են դուրս եկել միջին խավի ներկայացուցիչներ, որը հասունացել է Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին:
Դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիայի մասնակիցների զգալի մասը կազմում են այսպես կոչված «գրասենյակային պլանկտոնը», որին ընդդիմությունը մինչեւ վերջին ժամանակներս ավելի քան անբարյացկամ էր մոտենում: Այժմ այդ մարդիկ ապահովում են ընդդիմությանը կրեատիվ կարգախոսներով եւ դրսեւորում են դաստիարակվածություն եւ հարգանք միմյանց նկատմամբ: «Հայտնվելով բաղոքի ակցիայի խառնաշփոթության մեջ` այդ մարդիկ տեղ են զիջել միմյանց եւ պլաստմասե բաժակներով սուրճ են գնել տարակուսած ոստիկանների համար»,-գրում է «Կոմերսանտը»:
«Դա հանցագործ Մոսկվան է, բավական զարգացած եւ կրթված»,-մեջբերում է «Նեզավիսիմայա Գազետան»:
«Նեզավիսիմայա Գազետա»-ն ներկայացնում է «Լեվադա-կենտրոնի»` Սախարովի հրապարակի վրա կատարված հարցման արդյունքները, որին մասնակցել են 791 մարդ: Սոցիոլոգները պարզել են հետեւյալը. մասնակիցների ավելի քան 60 տոկոսը 18-ից 40 տարեկան մարդիկ են, 70 տոկոսը` բարձրագույն եւ թերի բարձրագույն կրթություն ստացածները: Յուրաքանչյուր չորրորդը ղեկավար է, կամ սեփական բիզնեսի, կամ մարդ, ով ունի ենթականեր: Բողոքողների 12 տոկոսը ուսանողներ են: 70 տոկոսը լիբերալ, դեմոկրատական հայացքների տեր մարդիկ են: 24 տոկոսը ձախ հայացքներ ունեն:
Սախարովի հրապարակում բողոքի հանրահավաքի հիմնական դրդապատճառներն են. ընտրակեղծիքներից զայրացած լինելը (72,5 տոկոս), երկրում ստեղծված իրավիճակից դժգոհ լինելը (72,8 տոկոս), նախագահ Մեդվեդեւի մոդեռնիզացումից հիասթափված լինելը (41, 7 տոկոս), աջակցությունը հանրահավաքին մասնակցող կուսակցություններին (15,2 տոկոս): Եւս 15,5 տոկոսը բողոքի ակցիային մասնակցել է հետաքրքրության համար, ընկերների հետ:
Հանրահավաքի մասնակիցների մեջ ամենասիրված կուսակցությունը «Յաբլոկոն» է, որի օգտին քվեարկել են հանրահավաքի մասնակիցների 37,6 տոկոսը: Երկրորդ տեղում Կոմկուսն է (19,1 տոկոս), երրորդ տեղում «Սպրավեդլիվայա Ռոսիան» է (11,8 տոկոս), «Պրավոյե դելո»-ին համակրում է հանրահավաքի մասնակիցների 6,5 տոկոսը, նույնքան էլ Ժիրինովսկիի ՌԼԴԿ-ին: Իսկ իշխող «Եդինայա Ռոսիայի» կողմակիցների թիվը կազմել է 1 տոկոսից էլ պակաս:
Նախագահական ընտրություններում հարաբերական մեծամասնությունը կքվեարկի Նավալնիի օգտին (22,2 տոկոս), երկրորդ տեղում է Յավլինսկին (20,7 տոկոս), Պրոխորովի օգտին կքվեարկի 14,5 տոկոսը: Եթե լինի երկրորդ փուլ, ապա մեծ մասը կքվեարկի ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ Գենադի Զյուգանովի կամ Սերգեյ Միրոնովի օգտին: Հանրահավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը (67,5 տոկոս) պաշտպանում է «Ոչ մի ձայն Պուտինին» կարգախոսը:




























