Ֆրանսիայի քաղաքական շրջանակները` «Միություն` հանուն ժողովրդական շարժումից» մինչեւ Սոցիալիստական կուսակցություն,  դեկտեմբերի 26-ին համերաշխություն են հայտնել Վալերի Բուայեին, ով լինելով  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը, սպառնալիքներ է ստացել, գրում է  «Libération» -ը` վկայակոչելով «France-Presse» գործակալությունը:

Բուշ Դյու Ռոնից պատգամավորը հայց է ներկայացրել` թուրքամետ ակտիվիստների կողմից  սոցիալական ցանցերի իր էջերում ստացած սպառնալիքներից եւ իր կայքի վրա գրոհից հետո:

«Ես այլեւս այդպես չեմ կարող: Այդ գրոհները խղճուկ են... Այն, ինչ ես ապրում եմ այս վերջին օրերին, Ֆրանսիայի ծագումով հայ քաղաքացիներն արդեն ապրում են մի քանի տարի»,-ասել է պատգամավորը ոստիկանությունում:

Եթե այդ օրինագիծը Ֆրանսիայի գործադիր իշխանության վերնախավում ինչ-որ առումով իրարանցում էր առաջացրել, հատկապես Նիկոլա Սարկոզիի եւ Ալեն Ժյուպեի միջեւ, ապա  խորհրդարանականի հասցեին սպառնալիքները  հարուցեցին թե աջերի, թե ձախերի վրդովմունքը:

«Միություն` հանուն ժողովրդական շարժման» գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Կոպեն հայտարարել է, թե «արտահայտման ազատությունը մեր ժողովրդավարության սրտում է»: «Հատկապես անընդունելի է, որ ժողովրդի ընտրյալը, ով նման սպառնալիք է ստացել միայն այն պատճառով, որ համարձակություն է ունեցել պնդել իր համոզմունքները»,-հայտարարել է նա:

Ետ չեն մնացել նաեւ ձախերը. օրինակ, արմատական ձախ կուսակցության (PRG) նախագահ Ժան Միշել Բելեն նշել է. «Ես չեմ կիսում տկն Բուայեի քաղաքական համոզմունքները, սակայն ես դատապարտում եմ սպառնալիքներն ու ահաբեկումը»:

Ֆրանսուա Օլանդի ներկայացուցիչ Բրունո Լե Ռուն էլ իր կողմից նշել է, որ Վալերի Բուայեն պետք է «աջակցություն եւ պաշտպանություն» ստանա եւ որ «նման գործողություններ իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Նշենք, որ Բուայեի կայքը երկուշաբթի արդեն «ակտիվ» չէր: Ինչ վերաբերում է Սենատի կայքին, ապա այն գրոհների պատճառով պարբերաբար անհասանելի է կիրակի օրվանից: