ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի բանակցի Եվրոպայի հետ մաքսատուրքերի փոփոխության շուրջ, եթե նա «ամեն տարի մեծ գումարներ չվճարի»։ Այս մասին նա ասել է Air Force One ինքնաթիռում լրագրողներին տված մեկնաբանություններում, որոնք մեջբերել է The Guardian թերթը։

ԱՄՆ նախագահն ասել է, որ Եվրոպան ցանկանում է գալ բանակցությունների սեղանի շուրջ, բայց նշել է, որ դա տեղի չի ունենա, «մինչեւ նրանք չսկսեն մեզ ամեն տարի մեծ գումարներ վճարել՝ նախ այսօրվա, բայց նաեւ անցյալի համար, քանի որ նրանք խլել են մեր հարստությունը, եւ մենք դա այլեւս թույլ չենք տա»:

«Միացյալ Նահանգները չի կարող կորցնել 1,9 տրլն դոլար առեւտրի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ դա, հատկապես էլ ավելի շատ ծախսելով ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի պաշտպանի եվրոպական երկրները։ Մենք ծածկում ենք նրանց ռազմական իմաստով,  եւ միաժամանակ առեւտրային վնասների ենք դիմանում»,- համոզված է Թրամփը։