Մխիթարյանների ընտանիքը միշտ կապված է եղել ֆուտբոլի հետ: Համլետ Մխիթարյանը 1980-ից մինչեւ 1987-ը Երեւանի Արարատի կազմում հանդես էր գալիս նախկին ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնություններում` անցկացնելով 168 հանդիպում եւ խփելով 46 գնդակ: 1989-ին Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Համլետ Մխիթարյանը հինգ տարի անցկացրեց Վալանսի կազմում` 112 խաղում խփելով 30 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Համլետ Մխիթարյանը հասցրեց խաղալ երկու հանդիպումներում: Նա մահացավ 33 տարեկանում:

Այժմ ֆուտբոլում են Համլետ Մխիթարյանի որդին, դուստրը եւ կինը: Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի առաջատարներից մեկն է, Մոնիկան կարիերան շարունակում է ՈւԵՖԱ-ում, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքականների բաժինը ղեկավարում է Մարինա Թաշչյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարինա Թաշչյանը նշեց, որ ֆուտբոլը վաղուց դարձել է կյանքի ուղեկից. «Սկզբում սկսեցի երկրպագել ամուսնուս եւ Արարատի, իսկ հիմա` Հայաստանի ազգային հավաքականի ու Հենրիխի համար: Շատ ծանր եմ տանում ազգային հավաքականի անհաջողությունները եւ անչափ ուրախանում ու հպարտանում եմ, երբ թիմը հաղթում է: Ֆուտբոլն ինձ համար նշանակում է ընտանիք: Մենք այժմ ամբողջ ընտանիքով ֆուտբոլում ենք` հաշվի առնելով այն, որ Մոնիկան էլ աշխատում է ՈւԵՖԱ-ում»:

Մարինա Թաշչյանը կյանքի ընթացքում գրեթե միշտ բախվել է մենության խնդրին: Ժամանակին, Համլետ Մխիթարյանն էր մշտապես մեկնում հավաքների եւ հանդիպումների, այժմ որդին ու դուստրը մասնագիտական գործունեության պատճառով տանից հեռու են:

«Շատ եւ շատ դժվար է: Փառք աստծո, որ կա Սկայպ: Բոլոր երեկոները ես անցկացնում եմ համակարգչի առջեւ, զրուցում եմ Հենրիխի եւ Մոնիկայի հետ: Գիտեմ երեխաներիս ամեն քայլը: Եթե հանկարծ ես չզանգեմ, իրենք զանգում եւ հարցնում են, թե ինչու չեմ զանգել: Բայց ես երջանիկ եմ, որ իմ երեխաները գտել են իրենց տեղը կյանքում: Ես հպարտ եմ իմ երեխաներով: Նրանք վայելում են մարդկանց հարգանքը, իսկ դա ամենագլխավորն է ինձ համար»,- ասաց Մարինա Թաշչյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը` Հակբերի