Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է բարեգործությամբ զբաղվող հայտնի մարդկանց ցուցակը: Ցուցակը կազմում է DoSomething (Արա ինչ-որ բան) ոչ առեւտրային կազմակերպությունը:
Լեդի Գագան վերջերս հայտարարել է սեփական բարեգործական «Այսպես եմ ծնվել» անունով հիմնադրամ ստեղծելու մասին, որը օգնություն կցուցաբերի շրջապատի ագրեսիային ենթարկվող դեռահասներին:
Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում 17-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերն է: Պատանի աստղը մասնակցում է մի քանի բարեգործական ծրագրերի. օրինակ, համագործակցում է «Հույսի մատիտներ» կազմակերպության հետ, որը միջոցներ է հավաքում ամբողջ աշխարհում նոր դպրոցներ հիմնելու համար:
Երրորդ տեղում դերասան Ջորջ Քլունին է, ով ակտիվ մասնակցում է Սուդանում մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարին:
Հաջորդում են դերասանական ամուսնական զույգ Ուիլ եւ Ջադ Սմիթները. նրանք սեփական հիմնադրամով ֆինանսավորում են ԱՄՆ կրթական ծրագրերը: Իմանալով, որ Ֆիլադելֆիայում գողացել են դպրոցի համակարգիչները, հիմնադրամը 24 ժամվա ընթացքում 20-ից ավելի Apple համակարգիչներ է գնել դպրոցի համար:
Առաջին հնգյակը եզրափակում է Լեոնարդո դի Կապրիոն: Նա մասնակցում է տարբեր բնապահպանական ծրագրերի եւ Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի դեսպանն է:
Ցուցակում ընդգրկված են նաեւ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, որոնք 300 հազար դոլարից ավելի նվիրաբերել են Սոմալիի օգնության հիմնադրամին, ինչպես նաեւ Մեթ Դեյմոնը, Շակիրան, Էշթոն Քաթչերը, Դեմի Մուրը եւ այլ նշանավոր դեմքեր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























