Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի թիկնազորի նորանշանակ պետ Վիրաբ Ղազարյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը երեկ խորհրդարանի շենքում քաշքշել են իրար։

«Բանը հասել է ձեռնամարտի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Սույն սկանդալը երեկ ՀՀԿ–ում բուռն քննարկումների առարկա էր դարձել։ Մեր աղբյուրները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոյանի թիկնազորի պետը փորձել է ծանոթանալ ֆինանսական որոշ փաստաթղթերի, որոնք վերաբերում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցների գործուղումներին եւ ճաշարանի գործունեությանը։ Էրիկ Մինասյանն ընդդիմացել է Ղազարյանի այս փորձերին՝ նշելով, որ նա օժտված չէ համապատասխան լիազորություններով։ Սա դուր չի եկել Ղազարյանին, հետեւանքն էլ եղել է քաշքշոցը։ Վիրաբ Ղազարյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի պետն էր, եւ որոշ տեղեկությունների համաձայն՝ Նիկոյանի թիկնազորի պետ է նշանակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի միջնորդությամբ։ Էրիկ Մինասյանը մեր հեռախոսազանգերին երեկ այդպես էլ չպատասխանեց, Վիրաբ Ղազարյանին նույնպես գտնել չհաջողվեց»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։