Գեղասահքի ռուս մարզիչ Ելենա Չայկովսկայան մեկ այլ մարզիչի` Տատյանա Տարասովային խոհւորդ է տվել «հեռանալ աշխատանքից եւ ինքնասպան լինել»: Չայկովսկայային դուր չի եկել Տարասովայի քննադատությունը Քրիստինա Գորշկովա-Վիտալի Բուտիկով պարող զույգի հասցեին, ում մարզում է Չայկովսկայան:
Տարասովան մեկնաբանում է այս օրերին Սարանսկում անցկացվող գեղասահքի ռուսաստանյան առաջնությունը:
Չայկովսկայան դժգոհ է եղել նաեւ գնահատականներից, որոնք ստացել են իր սաները. Գորշկովա-Բուտիկով զույգը զբաղեցրել է 7-րդ տեղը, գրում է «Սովետսկի սպորտը»:
Բացի այդ, Չայկովսկայան համաձայն չէ նաեւ այն գնահատականների հետ, որոնք ստացել է իր մյուս պարային զույգը` Եկատերինա Ռյազանովա-Իլյա Տկաչենկո (նրանք զբաղեցրել են 3-րդ տեղը):
«Սա ի՞նչ բան է: Եվ մենք դեռ մտածում ենք միջազգային մակարդակով ինչ-որ հաղթանակների մասի՞ն: Պարոնայք, բացեք ձեր աչքերը»,-հայտարարել է Չայկովսկայան մրցույթի ավարտից հետո:
Նա բողոք է ներկայացրել առաջնության մրցավարների դեմ: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հայտարարել է, որ բողոքը չի ընդունվել եւ չէր կարող ընդունվել, քանի որ դա հնարավոր է միայն մաթեմատիկական սխալի դեպքում:




























