Սիրիայում Արաբական երկրների լիգայի դիտորդները (ԱՊԼ) Հոմսի իրավիճակը առայժմ բավարար են գնահատում:

ԱՊԼ դիտորդական խումբը Դամասկոս է ժամանել դեկտեմբերի 26-ին եւ հաջորդ օրվանից սկսել է աշխատանքը Հոմսում, որտեղ, լրատվամիջոցների հաղորդմամբ, կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության առավել դաժան բախումներն են տեղի ունենում:

 Դիտորդական խմբի ղեկավար, սուդանցի գեներալ Ահմեդ Մուսթաֆա ադ-Դաբին Reuters-ի հետ հեռախոսազրույցում հաղորդել է, որ «իրավիճակն առայժմ բավարար է»: «Երեկ հանգիստ է եղել, բախումներ չեն արձանագրվել: Մենք տանկեր չենք տեսել, միայն մի քանի զրահամեքենաներ: Բայց մի մոռացեք, որ սա մեր աշխատանքի առաջին օրն է, եւ հանգամանքները հետաքննման կարիք ունեն», - նշել է նա:

Նախօրեին Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը» հայտնել էր այն մասին, որ սիրիացի զինվորականները Արաբական երկրների լիգայի դիտորդներից տանկը թաքցրել են Հոմսի կառավարական հաստատություններից մեկի դահլիճում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` դիտորդները կաշխատեն նաեւ Սիրիայի մյուս խնդրահարույց քաղաքում`Համայում, մայրաքաղաք Դամասկոսում եւ հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքում: