Իսլանդիայի վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոուտիրը հայտարարել է, որ մտադիր է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել մինչև 2027 թվականը, գրում է Bild-ը։
Որոշումը կապված է գլոբալ անվտանգության փոփոխությունների հետ, մասնավորապես՝ Ուկրաինայի պատերազմի և Արկտիկայում ԱՄՆ կտրուկ քաղաքականության, այդ թվում՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի արտահայտությունների հետ։
Հարցումների համաձայն, իսլանդացիների գրեթե երկու երրորդը կողմ է հանրաքվեի անցկացմանը, իսկ 45%-ը՝ ԵՄ-ին անդամակցելուն։ Իսլանդիան արդեն Շենգենյան գոտու և Եվրոպական տնտեսական տարածքի մի մասն է և ԵՄ-ի հետ համագործակցության դրական փորձ ունի։
Սակայն վարչապետը խոստովանում է, որ ներկայիս բանավեճը պայմանավորված է ոչ միայն ԵՄ անդամակցության հնարավոր օգուտներով, այլև Գրենլանդիայի հանդեպ ԱՄՆ սպառնալիքներով: Գրենլանդիայի նման Իսլանդիան նախկինում դանիական տարածք է եղել և անկախացել է միայն 1944 թվականին:
«Մենք ամբողջովին արկտիկական ազգ ենք: Արկտիկան մեր տունն է: Մեզ համար սա պարզապես միջազգային հարաբերությունների հասկացողություն չէ: Սա մեր բնակավայրն է: Մենք շատ սերտ կապեր ունենք գրենլանդացիների հետ: Հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում, լուրջ տագնապ է հարուցում», - ասել է Ֆրոստադոուտիրը Euronews-ին:
Վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ և Ռուսաստանի գործողությունների հետևանքով առաջացած լարվածությունը շուտով կթուլանա. «Ես չեմ ցանկանում, որ ԵՄ-ին անդամակցելու մասին խոսակցությունները հիմնված լինեն վախի վրա».
Այդուհանդերձ, անվտանգության խնդիրները մնում են Եվրամիության հետ Իսլանդիայի մերձեցման կարևոր շարժառիթը։




























