Շաբաթ օրվանից Չինաստանի կողմից ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան մինչև 125 տոկոս, ուրբաթ օրը հայտնել է ՉԺՀ Պետխորհրդին կից մաքսատուրքերի հանձնաժողովը։
Այս միջոցը հետևել է ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներմուծման, այսպես կոչված, «փոխադարձ մաքսատուրքերի» մինչև 125%-ով բարձրացմանը, հայտնում է Xinhua-ն։
Գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից չինական արտադրանքի վրա չափազանց բարձր մաքսատուրքերի սահմանումը լրջորեն խախտում է միջազգային առևտրատնտեսական կանոնները, հակասում է հիմնական տնտեսական օրենքներին և ողջախոհությանը, ինչպես նաև ոչ այլ ինչ է, քան միակողմանի ահաբեկում և հարկադրանք։
Անգամ եթե ԱՄՆ-ն էլ ավելի բարձր մաքսատուրքեր սահմանի, դա տնտեսական իմաստ չի ունենա և, ի վերջո, համաշխարհային տնտեսական պատմության մեջ կմնա որպես զավեշտ, հայտնել են կոմիտեից։
«Հաշվի առնելով այն բանի հավանականությունը, որ չինական շուկան մաքսատուրքերի ներկայիս մակարդակի պայմաններում այլևս ի վիճակի չէ ընդունել ԱՄՆ-ից ներմուծումը, եթե ԱՄՆ-ն շարունակի բարձրացնել չինական ապրանքների մաքսատուրքերը, Չինաստանը կանտեսի դրանք»,- ասվում է հաղորդման մեջ:
Սակայն եթե Միացյալ Նահանգները համառորեն շարունակի էապես վնասել Չինաստանի շահերին, Չինաստանը վճռական հակաքայլեր կձեռնարկի և կպայքարի մինչև վերջ, հավելել են կոմիտեից։





























