Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատար, ծովակալ Թոնի Ռադակինն այս շաբաթ այցելել է Չինաստան, որտեղ հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատարության հետ, հայտնել է BBC-ն։
Սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի առաջին այցն է Չինաստան վերջին 10 տարվա ընթացքում, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առեւտրային պատերազմ է մղում Չինաստանի հետ եւ, հետեւաբար, մեծ հետաքրքրություն է ներկայացնում, սակայն պաշտոնյաները, այդ թվում՝ անձամբ ծովակալ Ռադակինը, հակիրճ են արտահայտվել այցի բովանդակության վերաբերյալ:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը կարճ մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ ծովակալ Ռադակինը չինացի զինվորականների հետ քննարկել է «փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցեր»։
«Մենք պայմանավորվել ենք, որ անկայուն աշխարհում պետք է խաղանք մեր դերը որպես պատասխանատու պետություններ, որոնք ունեն շահեր ամբողջ աշխարհում, եւ քննարկել ենք ռազմական անմիջական շփումների կարեւորությունը»,- գրել է ծովակալը X ցանցում:
Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հաստատել է ծովակալ Ռադակինի այցը եւ ասել, որ դա հետեւանք է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լեմիի՝ հոկտեմբերին Պեկին կատարած այցին հաջորդած շփումներին:
«Միշտ լավ է, երբ զինվորականները շփվում են միմյանց հետ, եւ դա այն է, ինչ նա անում էր»,- լրագրողներին ասել է նախարար Հիլին: Նա ավելացրել է, առանց ուղիղ նշելու Թայվանի մասին, որ ծովակալ Ռադակինը «շատ հաստատակամ» է եղել իր զրուցակիցների հետ բանավիճելիս, որ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պետք է պահպանվի, եւ որ հարեւաններին չպետք է սպառնան ռազմական ուժով:




























