Էստոնիայի իշխանությունները ուրբաթ Բալթիկ ծովում, Տալլինի մոտակայքում ձերբակալել են Kiwala լցանավը, հայտնել է Euronews-ը։
Ինչպես նշել է Էստոնիայի ռազմածովային նավատորմի հրամանատար Իվո Վյարկը, այն նավարկում էր առանց դրոշի, եւ իշխանությունները բոլոր հիմքերն ունեին կանգնեցնելու նավը ստուգման համար։
«Ձերբակալման նպատակն էր ստուգել նավի փաստաթղթերը եւ նրա իրավական կարգավիճակը»,- նշել է Վյարկը:
Էստոնիայի իշխանությունների տվյալներով՝ անձնակազմը համագործակցում է իրավապահ մարմինների հետ։ Նավապետը վկայական է ներկայացրել Ջիբութիի դրոշի ներքո նավարկելու իրավունքի մասին, սակայն երկրի նավատորմը հայտնել է, որ չի կարող գտնել Kiwala լցանավն իր ազգային ռեեստրում:
«Նման նավերը չպետք է օգտագործվեն: «Էստոնիան կիրառել է նավը ձերբակալելու իր իրավունքը»,- ասել է Էստոնիայի ոստիկանության եւ սահմանապահ վարչության պետ Վեյկո Կոմուսաարը:
Նրա խոսքով՝ Kiwala նավը գտնվում է ԵՄ, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի պատժամիջոցների տակ։
Լցանավն ուղեւորվում էր ռուսական Ուստ-Լուգա նավահանգիստ։
Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Իվո Վյարկը հաստատել է, որ նավը պատկանում է ռուսական ստվերային նավատորմին եւ կասկածվում է ռուսական նավթ տեղափոխելու մեջ՝ պատժամիջոցները շրջանցելու համար։
«Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆինլանդիայի ծոցում բավական շատ նավեր են հայտնվել, որոնք անցնում են առանց փաստաթղթերի»,- նշել է Էստոնիայի Հանրապետության ոստիկանության եւ սահմանապահ վարչության ղեկավար Վեյկո Կոմուսաարը:
Նրա խոսքով՝ «կարելի է համարձակորեն ասել, որ խոսքը «ստվերային նավատորմի» մի մասի մասին է։
Լցանավի սեփականատերը Tirad Shipping Inc ընկերությունն է, որը գրանցված է Մավրիկիայում։ Դա նրա միակ նավն է։





























