ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սովորական բժշկական հետազոտության շրջանակում կոգնիտիվ թեստ է հանձնել, հայտնել է DW-ն։
78-ամյա քաղաքական գործիչն ասել է, որ որոշել է այլ կերպ վարվել, քան իր նախորդը՝ նախագահ Ջո Բայդենը, որը հրաժարվել էր նման բուժզննումից։
Թրամփը մանրամասներ չի հայտնել թեստի տեսակի կամ դրա կոնկրետ արդյունքների մասին։
Նա ավելացրել է, որ նախկինում մի քանի անգամ կոգնիտիվ թեստեր է հանձնել եւ դրանք միշտ հաղթահարել է առանց սխալվելու։ Թրամփը նաեւ դրական է արտահայտվել բուժզննումից հետո իր ընդհանուր վիճակի մասին. «Ընդհանուր առմամբ, ես զգում եմ, որ շատ լավ վիճակում եմ»:
Նա խոստացել է, որ արդյունքների մասին հաշվետվությունը կհրապարակվի ապրիլի 13-ին։
Ամերիկյան քաղաքականության մեջ կա մի յուրահատկություն՝ նախագահները ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնում իրենց առողջության մասին։ Դա օրենքով չի պահանջվում, այլ դարձել է մի տեսակ ծես, որին հավատարիմ են մնում ամերիկյան պետության բոլոր ղեկավարները, նշել է dpa գործակալությունը։





























