Հայաստանում այս տարի հայտարարված համաներման կիրառման ընթացքում 7 կարգապահական վարույթներ են հարուցվել:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ քննարկումների արդյունքներով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կատարվեցին համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից 28.12.2011թ. հարուցվել են թվով 7 կարգապահական վարույթներ, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` դատաիրավական համակարգի խնդիրներին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների:
Նախագահը կարեւորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:
Խորհրդակցության արդյունքում Սերժ Սարգսյանն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական եւ ոչ խտրական մոտեցման ապահովման կարեւորությունը:



























