Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել կառավարական «Վնուկովո-2» օդանավակայանում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Կատարի ղեկավարին ուղեկցում է պատվիրակություն։

Թամիմ բեն Համադ Ալ Թանին ապրիլի 17-ին բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես Կատարի լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը Կատարի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներ է տեսնում էներգետիկայի, արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտներում։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկու երկրները կարող են համատեղ խոշոր լոգիստիկ նախագծեր սկսել, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ այցը լրացուցիչ խթան կհաղորդի Ռուսաստանի եւ Կատարի միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

«Մենք լավ հեռանկարներ ունենք փոխշահավետ առեւտրային համագործակցության ընդլայնման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը»,- ասել է Պեսկովը:- Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել համատեղ խոշոր լոգիստիկ նախագծեր եւ ընդլայնել համագործակցությունն ընդհանրապես տրանսպորտի ոլորտում, քանի որ երկու երկրների միջեւ արդեն ստեղծվել են ներդրումների ամուր հիմքեր»։

Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի եւ Կատարի ինքնիշխան հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի (QIA) հաջող համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «պատրաստ է ստորագրել ավելի կարեւոր երկկողմ փաստաթղթեր»։