ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան նավահանգիստներում Ռուսաստանի դրոշ կրող կամ Ռուսաստանի հետ այլ կերպ առնչվող նավերի ընդունման արգելքը։ Դրա մասին ասված է ԱՄՆ Դաշնային ռեգիստրում հրապարակված հրամանագրում։

Արգելքն առաջին անգամ մտցրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 2022 թվականի ապրիլին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Թրամփի ստորագրած հրամանում ասվում է, որ Ռուսաստանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը։

2022 թվականին Ջո Բայդենը հայտարարել է, որ արգելքը «Ռուսաստանին կզրկի միջազգային տնտեսական համակարգի առավելություններից, որոնք նրանք այդքան շատ են վայելել անցյալում»։

Ռուսաստանի բյուջեն, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համար սահմանված ամերիկյան պատժամիջոցների խստացման ֆոնին, կորցրել է իր նավթի և գազի եկամուտների գրեթե 20 տոկոսը, մարտի 5-ին հայտնել է The Moscow Times-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարարության տվյալները։ Ինչպես պարզաբանել է պարբերականը, ճնշման ավելացման պատճառով նավթային ընկերությունները ստիպված են մեծացնել զեղչերն իրենց արտադրանքի վրա, ինչը հարվածել է դաշնային բյուջեի հումքային եկամուտներին:

Ըստ փետրվարի արդյունքների՝ գանձապետարանը նավթագազային ընկերություններից ստացել է 771,3 միլիարդ ռուբլու հարկեր՝ 18 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ։