Պահածոներ արտադրող «Главпродукт» ընկերության նոր ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է սնունդ մատակարարել Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարությանը։ Ըստ Reuters-ի՝ դա հետևում է ընկերության ղեկավարության՝ ՌԴ գլխավոր դատախազությանն ուղղված նամակից։
«Главпродукт»-ը միակ ամերիկյան ընկերությունն է, որի ունեցվածքի վրա Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո կալանք է դրվել հօգուտ ռուսական պետության։ Այն պատկանում էր ամերիկաբնակ գործարար Լեոնիդ Սմիռնովին։ Մարտին ՌԴ գլխավոր դատախազությունը Սմիռնովին մեղադրել էր Ռուսաստանից միջոցներն անօրինական կերպով դուրս բերելու մեջ, գրում է BBC-ն։ Դրանից հետո «Главпродукт» ընկերության ակտիվների վրա կալանք դրվեց և փոխանցվեց Գույքի կառավարման դաշնային գործակալության հսկողության տակ։
Ըստ Reuters-ի՝ «Росимущество»-ն նշանակել է «Главпродукт» ընկերության նոր գործադիր տնօրեն՝ Ազգային գվարդիային սնունդ մատակարարող սննդամթերք արտադրող «Дружба народов» ընկերության խնդրանքով:
Ինչպես նշում է գործակալությունը, «Главпродукт»-ը նախկինում չի զբաղվել ռուսական ուժային կառույցներին մատակարարումներով։ Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Սպիտակ տունը ցանկանում է ընկերությունը վերադարձնել իր ամերիկացի սեփականատերերին և դրա շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։ Ըստ Reuters-ի՝ Կրեմլի գրաված ամերիկյան ընկերության միջոցով բանակին սննդի մատակարարումը կարող է սպառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ջերմացմանը։





























