Դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը համար 2011թ-ի առաջին ձեռքբերումը նա է, որ հասանք տարվա վերջին եւ դեռ կարողանում ենք նայել մեր մտերիմների աչքերրին: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Հրանտ Թոխատյանը: «Ինձ համար շատ հաջող տարի էր: Ամենակարեւորը ունեցա նոր ներկայացումներ եւ մանկական նոր նախագծեր, որոնք շատ եմ ցանկանում հասցնել ավարտին: Բացթողումներ որպես այդպիսին, չեմ կարող առանձնացնել, ուղղակի կան անավարտ գործեր, որոնք պետք է շարունակել»,-ընդգծեց Հրանտ Թոխատյանը:
Անդրադառնալով ամանորյա ընտանեկան ավանդույթներին, նա նշեց. «Բոլորս միասին լինել նույն սեղանի շուրջ. սա էլ ավանդական սովորույթի մի տեսակ է: Շրջապատված իմ ընտանիքով, երեխաներով: Ինչպես նաեւ, անպայման, սպասում ենք Ձմեռ Պապիկին»: Իսկ բարեմաղթանքների մասով էլ ասաց. «Ինչ խոսք առաջին հերթին խաղաղություն, որն ամենակարեւորն է, բարեկեցություն: Մեզ բոլորիս մի քիչ ավելի խելք: Մտածենք ինքներս մեր եւ մեր երկրի մասին: Մի քիչ ավելի ցավով մտածենք մեր երկրի մասին, լինենք առողջ եւ հաջողակ: Ամենակարեւորը սրանք են»:
Դերասանուհի Լալա Մնացականյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2011թ-ին իր ամենամեծ ձեռքբերումը համարում է աղջկա ամուսնությունը: Եվ առհասրակ, նա 2011-ն իր համար ավելի շատ ձեռքբերումների, քան բացթողումների տարի համարեց:
«Այս տարի ավելի շատ ձեռքբերումներ կային, քան` բացթողումներ: Պարզապես ծրագրեր կան, որոնց մասին ես չեմ խոսում մինչեւ դրանք չեն մտնում կյանք: Բայց ձեռքբերումներ կան եւ ստեղծագործական, եւ անձնական կյանքում, եւ շատ ուրիշ առումներով: Իսկ իմ աղջկա երջանկությունը, որ ամուսնացավ եւ կարողացավ գտնել իր երկրորդ կեսին, ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է»,-անկեղծացավ դերասանուհին:
Լալա Մնացականյանի խոսքով, Նոր տարին ինքն իրենով ավանդույթ է, իսկ տոնի հետ կապված իրենց ընտանիքում էլ է նախկինում ավանդույթ ձեւավորվել, որից սակյան այս տարի հրաժարվել է, քանի որ ձգտում է նորությունների: «Նախկինում ես տոնածառը զարդարում էի դեկտեմբերի 31-ի գիշերը եւ ժամը 24.00-ի սահմաններում նոր ավարտում: Բայց 2012թ-ից սկսած ես շատ-շատ բաներ փոխում եմ: Իսկ առհասարակ Նոր տարին սովորականի պես ենք նշում ինչպես բոլոր ընտանիքներում` ուրախանում ենք, երջանկանում»:
Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, Լալա Մնացականյանը նշեց. «Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցիկ, արժանավայել կյանքով, որ զգա իրեն երջանիկ, հարուստ, պիտանի, լինի առողջ եւ լավատեսորեն վերաբերի ամեն ինչին` չնայելով հետ: Այսինքն միշտ նայի եւ գնա առաջ»:




























