ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը NEWS.am-ին:

Տիկին Սահակյան, Բաքվում շարունակվում է հայ գերիների  նկատմամբ դատական ֆարսը: Երեկ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արկադի Ղուկասյանն է  ցուցմունք տվել, որոնք դժվար է արժանահավատ համարել,  իսկ երկու օր առաջ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներն էին: Ի՞նչ  տեղեկություններ ունեք այս վերջին նիստերից:

Եթե Ռուբեն Վարդանյանի մասով որոշ այլընտրանքային տեղեկատվություն հնարավոր է ստանալ նրա ընտանիքի ներգրաված մասնավոր փաստաբանի միջոցով, ապա մյուսների դեպքում, ցավոք, նման հնարավորություն չկա: Իհարկե, Արկադի Ղուկասյանին կամ որևէ այլ մեկին վերագրվող ցուցմունքները մեզ և, առհասարակ,  որևէ կառույցի համար չեն կարող արժանահավատ լինել, քանի որ նիստերը իրականացվում են դռնփակ՝  առանց անկախ լրատվամիջոցների և մասնագետների մասնակցության, և անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա: Ներկա է լինում միայն «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության աշխատակիցը, որը ներկայացնում է  ֆիլտրած  և աղավաղված տեղեկատվություն:

Ի դեպ, այն, որ լրատվամիջոցները խեղաթյուրված են  ներկայացնում դահլիճումկատարվածը,  հաստատել է նաև  Ռուբեն Վարդանյանի մասնավոր փաստաբան Աբրահամ Բերմանը: Վերջին նիստի մասին նրա կողմից Վարդանյանի ընտանիքին  փոխանցված տեղեկատվության համաձայն, հենց նիստի սկզբում ինքը՝ փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է տեղական լրատվամիջոցների կողմից  փաստերի խեղաթյուրումների վրա:

Փաստաբանը պարզաբանել է, որ պաշտպանական կողմը պահանջել էր ոչ թե վերանայելդատական նիստի ձայնագրությունները, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, այլ հասանելիություն ունենալդատական լսումների արձանագրություններին և համապատասխան ձայնագրություններին,  որոնք  մինչև հիմա ամբողջությամբ չեն տրամադրվել: Սա, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ բան է: Փաստաբանը նաև զգուշացրել է, որ եթե լրատվամիջոցների կողմից շարունակվի խեղաթյուրված հաղորդագրությունների տարածումը, ապա դա կարող է հանգեցնել դատական գործընթացի: Նիստի այս դրվագի մասին ադրբեջանական լրատվամիջոցները, իհարկե,  ոչինչ չեն հաղորդել:  Սա հստակ փաստ է, որն ապացուցում է, որ առանց այն էլ իրականացվող դատական  ֆարսը  լուսաբանվում է միտումնավոր խեղաթյուրումներով:

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի պաշտպանը  նաև վերահաստատել է հարցաքննությանը չմասնակցելու իր դիրքորոշումը  և ընդգծել է, որ դա արվում է  որպես բողոք՝ դատավարության գործընթացի անօրինականության դեմ:

Երեկ ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականումհրապարակվել էր ֆրանսիացի փաստաբանների և Ֆրանսիայի փաստաբանական պալատների նախագահներիբավական կոշտ հայտարարությունը, որտեղ նրանք եվրոպական երկրներին կոչ էին անում աչք չփակել և խիստ միջոցներ կիրառել  Ադրբեջանի դեմ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները կոպտորեն խախտելու համար: Նրանք նշում էին, որ Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ, իսկ  հայ գերիների նկատմամբ «դատավարությունները» նրանք համարել էին «ինստիտուցիոնալացված բռնապետության»  դրսևորում: Ծանո՞թ եք  այդ հայտարարությանը:

Այո, ծանոթ եմ և կիսում եմ բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտված են հայտարարության մեջ:Լավ կլինի, որ Կոնվենցիայի անդամ մյուսերկրների փաստաբանական համայնքները ևս հետևեն ֆրանսիացի փաստաբանների օրինակին՝  ցույց տալով իրենց հավատարմությունը մարդու  իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Իսկապես, Եվրոպայի՝ որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանի հեղինակությունը վտանգված է, քանի որ մի երկիր ամենացինիկ կերպով ոտնահարում է այդ Կոնվենցիայի դրույթները՝ լինելով դրա կողմերից մեկը:  Եվրոպական կառույցների կողմից միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք են կոնկրետ գործողություններ, մասնավորապես, պատժամիջոցների տեսքով: